Դրամավարկային քաղաքականության պատմությունը
Հայաստանի դրամավարկային քաղաքականության ձևավորումը
Հայկական դրամը շրջանառության մեջ դնելով՝ Հայաստանը նշանակալի քայլ էր անում իր տնտեսական անկախության ճանապարհին։ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ նախկին խորհրդային հանրապետություններն անցում կատարեցին սեփական արժույթներին, Հայաստանը բախվեց գերգնաճի խնդրի. սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) աճը 1993 թվականին կազմեց 11,000%։ Տնտեսությունը կայունացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 1994 թվականին որդեգրեց դրամական ագրեգատների նպատակադրման քաղաքականություն, որն ամրագրվեց 1996 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով։ Այս մոտեցումը, որը հիմնված էր գների կայունության ապահովման վրա, ամրապնդեց ՀՀ ԿԲ-ի անկախությունը, գործառնական հաշվետվականությունը և կառավարությանը ֆինանսավորելու պրակտիկայի սահմանափակումները։ ՀՀ ԿԲ-ն նաև որդեգրեց ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն՝ սահմանափակելով ուղիղ միջամտությունները արտարժույթի շուկայում։ 1999 թվականին ներդրվեցին նոր դրամավարկային գործիքներ՝ քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու համար, ինչը նպաստեց Հայաստանի ֆինանսական համակարգի կայունացմանն ու տնտեսական դիմադրողականության ապահովմանը։
Դրամավարկային բարեփոխումներ և գնաճի մակարդակի վերահսկում
1994-2005 թթ.-ին ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հաջողությամբ կրճատել է գնաճի տատանումները՝ հասնելով երկարաժամկետ գների կայունության։ Եթե 1994 թվականին գնաճը կազմում էր 1․761%, ապա 1995-ին այն նշանակալիորեն նվազեց մինչև 32.2% և 1995-1998 թթ.-ին միջինում արդեն կազմում էր 4.3%։ Հաշվի առնելով ապագային միտված և երկարաժամկետ հատվածում առավել կանխատեսելի քաղաքականության համակարգ ունենալու անհրաժեշտությունը, 2003 թվականին ՀՀ ԿԲ-ն սկսեց անցում կատարել գնաճի նպատակադրման ռեժիմին։ Երկամյա հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ ԿԲ-ն գնաճի նպատակադրման մեղմ ռեժիմն ընդունեց որպես նախընտրելի ռազմավարություն՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական մարտահրավերները, ներառյալ դոլարայնացման մակարդակի, արտաքին ցնցումների և թերզարգացած ֆինանսական շուկաների խնդիրները: 2006 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պաշտոնապես անցավ գնաճի նպատակադրման լիարժեք ռեժիմի՝ սահմանելով տարեկան 4% գնաճի մակարդակ՝ +/- 1.5% տատանումների թույլատրելի միջակայքով։ Որպես գործառնական նպատակ ընտրվեց կարճաժամկետ (7-օրյա ռեպո) տոկոսադրույքը, իսկ քաղաքականության թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով ներդրվեց մի նոր մոդել՝ «Կանխատեսման և քաղաքականության վերլուծության երկրորդ սերնդի համակարգ»-ը (կամ, այլ կերպ, ԿՔՎՀ-2)։
Գնաճի կառավարում և ֆինանսական կայունություն ճգնաժամային պայմաններում
2006 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բախվել է մի շարք գլոբալ և տարածաշրջանային ճգնաժամերի, ներառյալ՝ 2008-2009 թթ.-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, 2014-2015 թթ.-ի տարածաշրջանի տնտեսական անկումը, 2020 թվականի COVID-19 համավարակը, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունները, և 2021 թվականի ռուս-ուկրաինական պատերազմը։ Այս իրադարձությունները հանգեցրել են տնտեսական անորոշության մեծացման՝ բերելով գնաճի, տոկոսադրույքների և փոխարժեքի տատանումների։ Չնայած այս մարտահրավերներին, ներդրված ԿՔՎՀ-ի, գնաճի նպատակադրման ռեժիմի, ինչպես նաև խելամիտ քաղաքականության միջոցառումների շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկը կարողացել է պահպանել գների երկարաժամկետ կայունությունը, ինչի արդյունքում տարեկան միջին գնաճը մնացել է մոտ 4%-ի սահմաններում։ 2018 թվականին ՀՀ ԿԲ-ի մանդատն ընդլայնվելով ընդգրկեց ինչպես գների կայունության, այնպես էլ ֆինանսական կայունության ապահովումը, ինչը ևս ամրապնդեց Հայաստանի դրամավարկային քաղաքականության շրջանակը՝ ֆինանսական համակարգը դիմակայուն դարձնելով գլոբալ անորոշությունների պայմաններում։
Դրամավարկային քաղաքականության նոր սահմանների առաջխաղացում
2021 թվականից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որդեգրել է նորարարական դրամավարկային մոդելների ներդրման քաղաքականություն՝ ֆինանսական համակարգի հետագա զարգացման և կատարելագործման նպատակով։
ԿՔՎՀ-2 մոդելի գործարկմամբ ՀՀ ԿԲ-ն դարձավ առաջին կենտրոնական բանկը, որը լիարժեքորեն մշակեց և կիրառեց ռիսկերի կառավարման համակարգված մոտեցում դրամավարկային քաղաքականության մշակման գործընթացում։ ԿՔՎՀ-2 մոդելի ներդրումից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Վրաստանի Ազգային Բանկը, քայլեր են ձեռնարկել դրա հիմնական հայեցակետերը և/կամ առանձին տարրեր կիրառելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մի շարք առաջատար կենտրոնական բանկեր (օրինակ՝ Անգլիայի բանկը և Կանադայի բանկը) ընդգծել են դրամավարկային քաղաքականության մշակման գործընթացում ռիսկերի և անորոշությունների կառավարման անհրաժեշտությունը։ Նրանց տեսլականը մեծապես համահունչ է ԿՔՎՀ-2 մոդելի սկզբունքներին և տարրերին։